ՀՀ-ԵՄ Գործընկերության և Համագործակցության Համաձայնագիր


Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության հարաբերությունները, այդ թվում` առևտրատնտեսական, կարգավորվում են 1996թ. ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև կնքված և 1999թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Գործընկերության և Համագործակցության մասին Համաձայնագրով (ԳՀՀ ): ԳՀՀ-ի հիմնական նպատակներն են`

  • ապահովել համապատասխան հենք Կողմերի միջև քաղաքական երկխոսության համար` նպատակ ունենալով զարգացնել քաղաքական կապերը,
  • աջակցել Հայաստանի Հանրապետությանը` երկրում ժողովրդավարությունն ամրապնդելու, տնտեսությունը զարգացնելու և ավարտելու անցումը շուկայական տնտեսությանը,
  • ամրապնդել օրենքի իշխանությունը, ներառյալ իրավական համակարգի բարեփոխումները,
  • նպաստել Կողմերի միջև առևտրին, ներդրումներին և ներդաշնակ տնտեսական կապերին,
  • նպաստել մտավոր, արդյունաբերական և առևտրային սեփականության պաշտպանությանը,
  • հիմք ստեղծել օրենսդրական, տնտեսական, սոցիալական, ֆինանսական, գիտական, տեխնոլոգիական և մշակութային համագործակցության համար:

 

ԳՀՀ-ն ընդգրկում է համագործակցության բոլոր ոլորտները, բացի պաշտպանությունից: ԳՀՀ շրջանակներում գործում են ՀՀ-ԵՄ Համագործակցության Խորհուրդը, ՀՀ-ԵՄ համագործակցության Կոմիտեն, որի հայկական կողմի համանախագահն է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարը (ՀՀ կառավարության 20.03.2000թ. N 128 որոշում) և ՀՀ-ԵՄ առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեն, որի հայկական կողմի համանախագահն է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը:

 

2010թ. սեպտեմբերի 17-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի նիստի ընթացքում որոշում կայացվեց ստեղծել ևս 3 ենթակոմիտներ`

  1. Արդարադատության, ազատությունների և անվտանգության հարցերի,
  2. Էներգետիկայի, միջուկային անվտանգության, բնապահպանության և տրանսպորտի հարցերի,
  3. Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման և կրթության, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների, մշակույթի, երիտասարդության հարցերի:

 

Եվրոպական հարևանության քաղաքականություն

2004թ. հունիսին Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանն ընդգրկվեցին Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում: 2005թ. մարտին Եվրոպական Հանձնաժողովը Եվրոպական Խորհրդին ներկայացրեց վերջիններիս մասին զեկույցները («Երկրի զեկույց»):

 

Եվրոպական Միության նախաձեռնությամբ Հայաստանի ընդգրկումը Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ՀՀ-ԵՄ հարաբերությունները տեղափոխեց որակական նոր մակարդակ: Գործընկեր և համագործակցող կարգավիճակ ունեցող երկրից Հայաստանը դարձավ ԵՄ հարևան երկիր:

 

2006թ. նոյեմբերի 14-ին Բրյուսելում հաստատվել և ստորագրվել է ՀՀ-ԵՄ համատեղ Գործողությունների ծրագիրը (ԳԾ): Գործողությունների ծրագրի իրականացումը նշանակալիորեն կնպաստի Հայաստանի Հանրապետության օրենսդրության, իրավական նորմերի և ստանդարտների ներդաշնակեցմանը ԵՄ չափանիշներին: Այս համատեքստում ամուր հիմքեր կստեղծվեն հետագա տնտեսական ինտեգրման համար՝ հիմնվելով տնտեսության և առևտրի բնագավառում այնպիսի կանոնների և դրույթների ընդունման և կիրառման վրա, որոնք կխթանեն առևտուրը, ներդրումները և տնտեսական աճը: Ծրագիրը կօգնի մշակել և իրականացնել այնպիսի քաղաքականություն և միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն տնտեսական աճին, սոցիալական ներդաշնակեցմանը, աղքատության նվազեցմանը և շրջակա միջավայրի պահպանությանը՝ խթանելով կայուն զարգացման երկարաժամկետ իրականացումը:

 

Եվրոպական կառույցների հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության շրջանակներում պետական մարմինների կողմից իրականացվող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է համակարգող հանձնաժողով, որի նախագահն է ՀՀ Նախագահը (ՀՀ Նախագահի 2006 թվականի մայիսի 20-ի ՆՀ 114-Ն հրամանագիր): ԵՄ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսության կարգավիճակ շնորհելու նպատակով 2005 թվականի փետրվարին ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ԵՄ-ին՝ ներկայացնելով ՀՀ տնտեսության վերաբերյալ« Հայաստանի Հանրապետության ոչ շուկայական տնտեսության կարգավիճակի վերանայման հայց փաստաթուղթը: Ներկայումս եվրոպական կողմը, համաձայն սահմանված ընթացակարգերի, քննարկում է ՀՀ-ին շուկայական տնտեսության կարգավիճակ շնորհելու հարցը: 2005 թվականի մայիսի 1-ին ստեղծվել է ԵՄ-ում ՀՀ առևտրային ներկայացուցչություն և նշանակվել է ներկայացուցիչ, որի նստավայրը Բրյուսելն է (ՀՀ կառավարության 23.12.2004թ. N 1935-Ն որոշում): Նշված կառույցի հիմնումը նույնպես ընդգծում է Հայաստանի ցանկությունը` ընդլայնել համագործակցությունը Եվրոպական Միության հետ: Այս քայլը ևս կնպաստի Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը:

 

2009 թվականի մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի ՆԿ-68-Ա կարգադրությամբ հաստատվել է Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011 թվականների միջոցառումների ցանկը:

 

 

ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցություններ

2010թ. հուլիսի 19-ին Երևանում պաշտոնապես մեկնարկեցին ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունները: Համաձայնագիրը փոխարինելու է ներկայում գործող Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրին:

 

Ասոցացման համաձայնագրի նախագծման և բանակցությունների իրականացման համար ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծվել է ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի համար պատասխանատու բանակցային թիմ և երեք ոլորտային աշխատանքային խմբեր, որոնցից 3-րդ` տնտեսական, ֆինանսական և ոլորտային համագործակցության հարցերի աշխատանքային խմբի գործունեությունը համակարգվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Մելքոնյանի կողմից: Այժմ աշխատանքային խմբի շրջանակներում հաջողությամբ իրականացվում են բանակցությունները Եվրոպական հանձնաժողովի համապատասխան տնօրինությունների (DG) ներկայացուցիչների հետ:

 

Ասոցացման համաձայնագրի մաս են կազմելու նաև ԵՄ հետ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման վերաբերյալ դրույթները:

 

 

ՀՀ-ԵՄ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակցային գործընթաց

ՀՀ-ԵՄ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակցությունների նախապատրաստական և մեկնարկի նպատակով Եվրոպական Հանձնաժողովը 2009թ. հունիսին Հայաստան կատարած փաստահավաք առաքելության այց արդյունքների հիման վրա հրապարակեց Գնահատման զեկույցը: Զեկույցը նախատեսում էր հայկական կողմից իրականացման ենթակա աշխատանքների երկու խումբ` գլխավոր առաջնայնություններ (key priorities) և լրացուցիչ առաջարկություններ (additional recommendations): ԽՀԱԱՀԳ բանակցությունները սկսելու համար նախապայման էր հանդիսանում Հայաստանի կողմից Առևտրի տեխնիկական խոչընդոտների, Սանիտարական և բուսասանիտարական միջոցների, Մտավոր սեփականության իրավունքներ և Ընդհանուր համակարգման ոլորտներում գլխավոր առաջնայնությունների կատարումը:

 

Նախապայմանները իրականացնելու և ԽՀԱԱԳ բանակցությունները մեկնարկին սկիզբ դնելու նպատակով մշակվեց և ՀՀ վարչապետի կողմից հաստատվեց բանակ-ցությունների մեկնարկի ապահովման միջոցառումների ժամանակացույցը, որը նախատեսում էր նախանշված միջոցառումների իրականացում մինչև 2011թ. վերջը (ՀՀ վարչապետի 2011թ. օգոստոսի 10-ի թիվ 763-Ա որոշում): Իրականացված աշխատանքները ամփոփվեցին 2012 թ. հունվար ամսին, ինչի հիման վրա համապարփակ տեղեկատվություն պարունակող զեկույց ներկայացվեց Եվրոպական Հանձնաժողովի քննարկմանը:

 

2012թ. փետրվարի 17-ին կայացած նիստում ԵՄ Առևտրային քաղաքականության հանձնաժողովը որոշում կայացրեց Հայաստանի հետ ԽՀԱԱԳ շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ:

 

Բանակցությունների մեկնարկի վերաբերյալ Եվրոպական Հանձնաժողովի դրական որոշումը արձագանքն է Հայաստանի կողմից վերոնշյալ 4 գերակա ոլորտներում մեծածավալ բարեփոխումների իրականացմանը, որոնք հատկապես նպատակաուղղված էին ինստիտուցիոնալ, օրենսդրական և օրենսդրության կիրարկման բարելավման ոլորտներին:

 

 

ԵՄ աջակցության համակարգում

Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008թ. սեպտեմբերի 29-ի N 757-Ա որոշման` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը նշանակվել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության տեխնիկական օգնության «ՏԱՍԻՍ» ծրագրի ու Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի (ԵՀԳԳ) ներքո իրականացվող ծրագրերի ազգային համակարգող:

 

 

Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի նկատմամբ հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. սեպտեմբերի 23-ի N 1112-Ն որոշմամբ սահմանվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Համայնքների Հանձնաժողովի միջև կնքված շրջանակային համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2009թ. հոկտեմբերի 28-ի թիվ 892-Ա հրամանով հաստատվել է Հարկային մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման նպատակով տեղեկանքի ներկայացման, հաստատման, տրամադրման և հաշվառման կարգը:

 

Հայաստանի 2011-2013թթ. ազգային ինդիկատիվ ծրագիր

Հայաստանի 2011-2013թթ. ազգային ինդիկատիվ ծրագրի նպատակն է օժանդակել Եվրամիություն-Հայաստան գործընկերության և համագործակցության համաձայնագրի, եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի գործողությունների ծրագրի եւ 2009 թ. մայիսին մեկնարկած «Արևելյան գործընկերության» գերակայությունների իրագործմանը։ Աջակցությունը կենտրոնացվելու է երեք հիմնական ոլորտներում՝ ժողովրդավարական կառույցներ և բարեխիղճ կառավարում, առևտուր և ներդրումներ, կարգավորման դաշտի կատարելագործում, սոցիալ-տնտեսական բարեփոխումներ և կայուն զարգացում

mineconomy.am

photo by loysarev

Posted on January 26, 2013, in ARMENIEN. Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

%d bloggers like this: